Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրին Ռիվեր (անգլ.՝ Green River), գետ Վայոմինգ նահանգի հարավ-արևմուտքում, Կոլորադո նահանգի հյուսիս-արևմուտքում, Յուտա նահանգի արևելքում, ԱՄՆ։ Կոլորադո գետի ամենաերկար վտակը։ Երկարությունը՝ 1175 կմ, ջրհավաք ավազանի մակերեսը՝ 124 578 կմ²։ Ջրի միջին ծախսը՝ 173 մ³/վ[2]։
Սկիզբ է առնում Վայոմինգ նահանգի Սաբլետ մարզի հյուսիսում, Ուինդ Ռիվեր լեռնաշղթայի շրջանում[3], Բրիդջեր Տիտոն ազգային անտառի տարածքում[4]։ Սաբլետ մարզի տարածքով հոսում է հարավ և հարավ- արևելյան ուղղությամբ դեպի Վայոմինգ նահանգի Լինքոտի և Սուիտուոթեր մարզեր, Լա Բարդջ քաղաքի մոտ գետի վրա կառուցված Ֆորտենել ամբարտակը ձևավորում է համանուն ջրամբարը։ Հոսում է Գրին Ռիվեր քաղաքի մերձակայքով և Յուտա նահանգի հետ սահմանագծում ձևավորում Ֆլեյմինգ Գորդջ ջրամբարը։ Ջրամբարտակից հարավ գետը կտրուկ թեքվում է դեպի արևելք, պտտվում Յուինտա լեռան արևելյան ծայրամասերով՝ հատելով Կոլորադո նահանգի սահմանները և կրկին վերադառնում է Յուտայի տարածք։ Այստեղ Գրին Ռիվերը հոսում է Լոդոր կանիոնով և ընդունում ձախակողմյան Յամպա խոշոր վտակը։ Այնուհետ հոսում է հարավ-արևմտյան և հարավային ուղղությամբ՝ Ուինդ լեռնաշղթայի հարավային կողմի երկայնքով՝ Վիրպուլ կանիոնով։ Հոսում է Ուինդ և Աուրեյ հնդկացիական ռեզերվացիաներով։ Աուրեյ քաղաքից երկու մղոն հարավ գետը ընդունում է Դուչեսնե վտակը, իսկ նրանից հինգ կիլոմետր հոսանք ի վար՝ Ուայթ Ռիվեր վտակը։ Եվս տաս մղոն հոսանքն ի վար Գրին Ռիվեր է թափվում Ուիլլոու գետը։ Այնուհետ, գետը՝ ընդհանուր 192 կմ ձգվածությամբ, հոսում է Դեսոլեյշն և Գրեյ կանիոններով։ Գրեյ կանիոնում ընդունում է Պրայս վտակը, հոսանքն ի վար՝ Էմերի մարզում ընդունում է Սան Ռաֆայել վտակը։ Վեյն մարզի արևելքում հոսում է Կանիոնլենդս ազգային պարկով, որի տարածքում էլ թափվում է Կոլորադո գետը։
Գետի լայնությունը վերին հոսանքներում կազմում է 30-100 մ, իսկ ստորին հոսանքներում՝ մինչև 460 մ։ Խորությունը կազմում է մեկ մետրից մինչև տասնհինգ մետրի։ Ակունքի բարձրությունը ծովի մակարդակից 1181 մ է[5]։